Գործարկվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված
Ստեղծվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված: Transport for Armenia ֆեյսբուքյան էջն առաջարկում է փորձել այն, նաև տեղեկացնում է, որ առայժմ այն ներբեռնման համար հասանելի չէ և որոշ ճշտումների կարիք ունի:
Հավելվածը հասանելի է հետևյալ հղումով:
Հեղինակները մանրամասնում են.
«Փորձնական տարբերակում կգտնեք ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի երթուղիները: Ընտրեք կանգառը, որտեղից սկսելու եք ուղևորությունը և վերջին կանգառը: Հավելվածը ձեզ կառաջարկի ուղևորության տարբերակները, մեկնումի մոտավոր ժամանակը, ուղևորության տևողությունը: Կայքում տեղ է գտել Երևանի Քաղաքապետարանի կողմից տրամադրված հրապարակային տեղեկատվությունը:
Ավտոբուսների մեծ մասում GPS համակարգեր դեռևս տեղադրված չեն: Հետևաբար հավելվածի ժամերը ճշտգրիտ չեն: Խորհուրդ կտայինք կանգառում լինել նախքան ավտոբուսի մեկնումը ըստ ժամանակացույցի:
Հուսով ենք, որ մեր սխալների հանդեպ ներողամիտ կգտնվեք: Մենք աշխատում ենք, որ էլ ավելի կատարելագործենք հավելվածը»:
Նաև տեղեկացնում է, որ հեղինակները չեն համագործակցում Հայաստանի կառավարության հետ: Կազմակերպության միջազգային թիմը ունի աշխարհի շատ քաղաքների փորձը, հետևում է աշխարհում տուրիզմի, հասարակական տրանսպորտի և քաղաքային պլանավորման ոլորտների վերջին միտումները:
Հավելվածից օգտված քաղաքացիները մեկնաբանել են այն, մատնանշել առկա բազմաթիվ թերությունները: Տեխնոլոգիային իրազեկ մի քաղաքացի նկատել է.
«Կայքը լիքը բագ ունի: UI-UX տեսանկյունից էլ լավը չի. մտնում ես կայք, նորմալ տեղեկություն չկա, թե ինչ ֆունկցիա է կատարում: Կարծում եմ` նորմալ լենդինգ փեյջ պիտի սարքեք, որ յուզերը մտնի, հասկանա, թե ուր է մտել, ինչի համար: Ֆունկցիանոալ տեսանկյունից էլ հասցեներ կան, որ քարտեզի վրա սխալ տեղ ցույց տվեց, երթուղիներն էլ գծելիս սխալներ է թույլ տալիս համակարգը: QA-ի հաստիք բացեք բագերը ուղղելու համար»:
Նման դիտարկումներին ի պատասխան` հեղինակները խնդրում են իրենց ներկայացնել առաջարկները՝ հավելվածը լիարժեք հասանելի դարձնելու նպատակով:
Նշվում է նաև, որ այն կազմելիս, որպես պաշտոնական աղբյուր, օգտվել են Երևանի քաղաքապետարանի կայքէջի քարտեզից, ինչը, ըստ դիտարկումների, ևս բազմաթիվ թերություններ ունի: