Եթե Արցախի 2 նախագահներ դիմել էին, պետք է րոպե առաջ այդ որոշումը կայացնեին. Վ. Բալասանյանը՝ Քոչարյանի մասին
Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող եւ նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգերին այդ դիմումը եւ րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին: Ճիշտ չեն արել, ըստ իս, պետք է հարգեին երկու նախագահների հայտարարությունը»,-ասաց Բալասանյանը:
Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ Արցախը ՀՀ ներքին գործերին է խառնվում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Ինչ է նշանակում Հայաստանի ներքին գործերին ենք խառնվում, կամ սփյուռքահայության ներքին գործերին ենք խառնվում: Մենք ժամանակին ասել ենք, որ ունենք հայկական երկու հանրապետություն՝ մեկ հայրենիք, դա մեր ամբողջական հայրենիքն է, ինչի՞ մասին է խոսքը»:
Ավելի վաղ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ ազատ արձակելու հարցով: