Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա նշել է, որ 5-6 վետերան արդեն 100-ն անց են: Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է:
Հայրենական մեծ պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն տղամարդիկ, այլև իգական սեռի ներկայացուցիչները: «Հայրենական պատերազմին մասնակցել է 10 հազար հայ կին, որից 4000-ը Հայաստանից, մնացածը` մյուս 15 հանրապետություններից, արտասահմանից և, իհարկե, Արցախից: 41 կին վետերան ողջ է»,- հավելել է նա:
Խոսելով Հայաստանում վետերանների առջև ծառացած խնդիրներից՝ Եսայանը նշել է, որ իր համար ամենացավոտն արդեն երկու տարի վետերաններին Արզնիում հանգստի ուղեգրեր չտրամադրելն է:
«Ամեն տարի 50 ուղեգիր էին տրամադրում: Անցյալ տարի ես ուզել եմ ընդամենը 30-ը, ինչին ի պատասխան` Սոցիալական ապահովության ծառայությունից պատասխանել են, որ գումար չլինելու պատճառով չեն կարող տրամադրել այդ ուղեգրերը: 30 վետերանները, ովքեր դիմել էին հանգստանալու ակնկալիքով, այդպես էլ մնացին առանց ուղեգրի: Մեր վետերանները Արզնիում միայն հանգստանում են, նրանց ոչ մի բուժում պետք չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարի ևս դիմել է 30 ուղեգրի համար, սակայն գործընթացը փաստաթղթերի պատճառով ձգձգվում է: