Պետք է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր
վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ
ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի
միասին դառնում են հայրենիքի պաշտպան:
Շնորհավորում եմ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, նրանց, ովքեր
ակտիվորեն մասնակցեցին ֆաշիզմի դեմ պայքարին, այնուհետև Արցախի
պաշտպանությանը:
Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու
կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար: Շուրջ 75 տարի
առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում նաև մեր 600 հազար հայրենակիցների
ջանքերով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը խաղաղություն բերեց աշխարհին: Իսկ 27
տարի առաջ պատմական Շուշիի ազատագրումով մենք կարողացանք հաղթականորեն
բեկել արցախյան պատերազմի ընթացքը:
Մեր հազարավոր հայրենակիցներ են զոհվել հաղթանակներ կերտելու և խաղաղություն հաստատելու ճանապարհին: Խոնարհվում ենք նրանց անմար հիշատակի առաջ:
Հարգելի հայրենակիցներ,
Մենք չպետք է գոհանանք միայն անցյալի ձեռքբերումներն արձանագրելով: Պետք
է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում, այսօ՛ր ստեղծենք վաղվա
նվաճումների ամուր հիմքերը: Այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար
պետք է ունենանք մտքի հաղթանակներ՝ գաղափարներ առաջարկենք և դրանք կյանքի
կոչենք բանակում ու քաղաքացիական կյանքում, սահմանին և թիկունքում,
աշխատանքում ու տնտեսության մեջ, մշակույթում և գիտության մեջ:
Արցախյան պատերազմում և նրա փառապսակ հանդիսացող Շուշիի ազատագրման
ժամանակ հաղթեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր միասնական ուժը, հայի
ուժը: Պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր միասնականությունը միշտ անխախտ
լինի, որպեսզի մեր հաղթանակները շարունակական լինեն, որպեսզի անխախտ լինի
խաղաղությունը Հայաստանում ու Արցախում:
Կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորիս նոր
հաղթանակներ, իսկ մեր երկրին ու ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»: