Իրանը կկրճատի իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում
Թեհրանը մտադիր է հայտարարել իրանական միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով իր պարտականությունների կրճատման մասին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին իրանական կողմի որոշման մասին մայիսի 8-ին տեղյակ կպահի Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին, Չինաստանին և Գերմանիային:
«Չնայած միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո Իրանի ցուցաբերած զսպվածությանը և գործարքի մյուս մասնակիցների անկարողությանը կատարելու իրենց ստանձնած պարտականությունները՝ Իրանին այլ ընտրություն չի մնում բացի իր պարտավորվածությունները կրճատելուց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ միջազգային միջնորդների վեցնյակի կնքած գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հայտարարել էր անցյալ տարվա մայիսին: