«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացնելու
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացնելու և անդրադառնալու է վաղը մեկնարկող լիագումար նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին, հստակեցնելու է խմբակցության դիրքորոշումն այդ նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադառնալու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանին` ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Նշենք, որ նման աշխատանքային հանդիպումներ լինում են գրեթե ամեն քառօրյայից առաջ:
Ավելի վաղ հայտնել էինք` Արարատ Միրզոյանը հայտարարությամբ էր հանդես եկել` ուղղված Գագիկ Ծառուկյանին:
«Կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք»,- ասված էր Միրզոյանի հայտարարության մեջ:
Իր հերթին, Գագիկ Ծառուկյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Արարատ Միրզոյանին:
«Հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝ անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին»,- մասնավորապես ասված էր Ծառուկյանի գրառման մեջ: