Պաշտպանական կողմը դիմելու է ՄԻԵԴ և միջազգային ատյաններ. Մանվել Գրիգորյանի դատապաշտպան
Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դատապաշտպան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Վարչապետը հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, չի միջամտելու քննչական գործողություններին, բայց դա քիչ է: Քիչ է այնքանով, որ կա այդ միջամտողը: Եվ այդ միջամտողը պետական լիազոր մարմիններն են: Մինչև այս հեղափոխությունը դատավորների տեսակ կար, որ աշխատում էր՝ սպասելով` ինչ ցուցում կստանա գործադիրից: Այժմ նույնաբովանդակ այդ նույն դատավորներն աշխատում են»,- ասել է նա:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը նաև նշել է` վստահ է, որ այս քրեական գործով տեղի է ունենում և տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն: Պաշտպանող կողմը դրանում համոզվել է մայիսի 2-ի նիստից հետո.
«Նախագահող դատավորը, լինելով պրոֆեսիոնալ, պրակտիկ փորձ ունեցող, կոպիտ խախտումներով 1 րոպե շուտ ցանկացավ լսել նիստը, ավելին, լսեց մամուլի ներկայությամբ և լսելի չդարձնելով պաշտպանյալի խոսքը, որը ցանկություն էր հայտնել խոսք ասելու՝ դատական ակտը հրապարակեց»:
Այս ամենի արդյունքում պաշտպանող կողմը որոշում է կայացրել.
«Պաշտպանական գործիքակազմը համարում է այս գործով արդարադատությունը սպառված ներպետական ատյաններում և օրենքով սահմանված կարգով դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան և միջազգային ատյաններին»:
Փաստաբանը նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին հիվանդանոցային պայմաններում է, օրական ստանում է 120 միավոր ինսուլին: