Արտակ Զեյնալյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսին. Քննարկվել են դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը եւ նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, եւ այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու ՀՀ կառավարությանը գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում եւ նախարարի հետ քննարկել, թե ինչ կարեւոր դերակատարում կարող է ունենալ Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոն Նախարարության հակակոռուպցիոն եւ դատական համակարգի բարեփոխումների ջանքերին օժանդակելու հարցում, որոնք Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների եւ տնտեսական զարգացման լայնածավալ ջանքերի մի մասն են:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ոլորտում ծրագրերի մշակման ուղղությամբ եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին: