Մամուլի ազատությունը ստացել է ավելի լայն իմաստ՝ մոտենալով արտահայտվելու ազատությանը. Արտակ Բեգլարյան
Վերջին տարիներին սոցիալական ցանցերի հայտնվելուն և ակտիվանալուն զուգահեռ՝ մամուլի ազատությունը ստացել է ավելի լայն իմաստ՝ մոտենալով արտահայտվելու ազատությանը: Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, փոխանցում է «Արցախպրես»-ը:
Բեգլարյանը նշել է, որ քանի որ մամուլը հիմնականում առնչվում է լրագրողներին, այն սահմանումը, թե մամուլի ազատությունը հաճախ ընկալվում է որպես լրագրողների ազատություն, բավականին մոտ է ճշմարտությանը:
«Ազատ մամուլի համար գլխավոր պայմաններից մեկը, ընդհանրապես, մամուլի ֆինանսական մուտքերի հնարավորինս անկախ լինելն է, որը, բնականաբար, վերաբերում է նաև Արցախի օրինակին: Մյուս նախադրյալներից մեկն արհեստավարժ լրագրողական թիմի առկայությունն է, որի ուղղությամբ նշանակալի անելիք կա մեզ մոտ: Մեկ այլ նախադրյալ է պետական մարմինների թափանցիկ ու հրապարակային գործունեությունը, որը կարող է խթանել մամուլի ազատությունը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ եղել են դեպքեր, երբ Արցախում փորձել են սահմանափակել ազատ մամուլը, ապա նշեմ, որ 1990-ական թվականներին նմանատիպ փորձեր, կարծես թե, եղել են, սակայն իմ հասարակական-քաղաքական գործունեության ժամանակահատվածում ես այդպիսի դեպքերի ականատես չեմ եղել»,- ավելացրել է Ա. Բեգլարյանը: