Մեկ տարի տևողությամբ վարկերի երկարաձգումը ռիսկեր կառաջացնի. Փաշինյան
Մեկ տարի տեւողությամբ վարկերի երկարաձգումը ռիսկեր կառաջացնի: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ կառավարությունում մեկ տարով տրվող վարկերի մասին մի քանի անգամ քննարկում է եղել. «Եթե անկեղծ ասեմ՝ փաստարկները շատ լավ չեմ հիշում, բայց այդ մի քանի անգամվա քննարկմանը մեր եզրակացությունը եղել է, որ այդ վարկերի երկարաձգումն օգուտ չի տա գործին, հակառակը՝ ռիսկեր կառաջացնի, որ այդ ընկերությունները հավելյալ բեռի տակ կընկնեն: Խնդիրն առաջանում է միայն երկարաժամկետ ապրանքների մասով, ինչպես, օրինակ, կոնյակի դեպքում, բայց այդտեղ էլ փաստարկներ կան»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ մի քանի անգամ իր մասնակցությամբ այդ թեման քննարկվել է, եւ առավել հաճախ այդ հարցը բարձրացնում էին գինեգործությամբ եւ կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունները. «Կառավարության որոշումներն ինչպե՞ս են կայացվում. ոչ թե կառավարության անդամները կամայական որոշում են՝ «հա, լավ» կամ «հա, չէ», մենք հավաքվում ենք, փաստարկներ ու հակափաստարկներ ենք լսում, կշեռքի նժարին ենք դնում, ըստ այդմ ենք որոշում: Առայժմ առավել ծանրակշիռ է եղել, որ դա պետք չէ անել, բայց ցանկացած պահի, երբ ի հայտ կգա փաստարկ, որ այդ հավասարակշռությունը կփոխի, պատրաստ ենք հաշվի առնել»,- ասաց վարչապետը: