«Մարզպետ դրել ա, ի՞նչ անի, կոկորդիլոսին հավից չի տարբերում». Քաղաքացին Գարիկ Սարգսյանից բողոքեց Վանեցյանին
Արարատի մարզի համայնքային ֆուտբոլային թիմերի առաջնության բացման ավարտին այսօր՝ մայիսի 2-ին, մի կին Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին բողոքում էր, թե մարզպետն իրեն չի ընդունում, չի աջակցում։
«Ես մարզպետին ասացի, որ կդիմեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ գնա ուր ուզում ես։ Եթե այս նույն կադրը Սերժ Սարգսյանի ժամանակ նշանակված լիներ, ինքը Ազգային ժողովի ամբիոնը կջարդեր։ Մարզպետ դրել ա, ի՞նչ անի, կոկորդիլոսին հավից չի տարբերում»,–լրագրողների հետ զրույցում ասաց կինը։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միայն երախտամոռներն են իրենից դժգոհում։
«Այս կինը պարբերաբար դիմում է մարզպետարան, մենք նրա դիմումը ոչ մի անգամ չենք անտեսել, օգնել ենք, կարող եմ փաստաթղթավորված ցույց տալ, թե ինչքան աջակցություն է տրամադրել մարզպետարանը։ Դժգոհություններ լինում են անշնորհակալ մարդկանցից, մարդիկ կան, որոնց օգնում ես պարբերաբար, իսկ մեր բյուջեն սահմանափակ է, դրա համար մենք հաշմանդամներին ենք օգնում, վատառողջներին, զինվորների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին ենք օգնում, բայց մարդիկ կան, որոնք հրաժարվում են աշխատել եւ պարբերաբար մարզպետարանից, քաղաքապետարանից, բարերարներից գումար ակնկալելով ապրել։ 10 անգամ օգնում ես, 1 անգամ չես օգնում, սկսում են բողոքել»։,–նշեց մարզպետը։