Քյարամյանը հրաժարվեց ասել իր հոր անուն-ազգանունը եւ դժվարությամբ հիշեց Կոտայքի թեմի առաջնորդի հետ բարեկամական կապը
Եթե չեմ սխալվում՝ սրբազանը ներկայացրել է, որ մենք ազգականներ ենք:Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վերջո Կոտայքի թեմի առաջնորդն իր հայրն է, թե՝ ոչ:
Նա նշեց, որ Կոտայքի թեմի առաջնորդը լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ ազգականներ են. «Չեմ ցանկանում մեկնաբանել՝ չնայած որ կարող եմ հեշտությամբ հերքել։ Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ պաշտոնատար, ունի անօտարելի իրավունքներ։ Ցանկացած անձ ունի ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք: Որպեսզի ճիշտ ընկալված լինեմ, ես հերքում եմ այդ լուրերը, բայց բարեկամ լինելը չեմ հերքում։ Ընտանեկան որևէ հարցի այլևս չեմ պատասխանելու, խնդրում եմ սա դիտել ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքի կարևորության տեսանկյունից»,- ասաց Քյարամյանը:
Հարցին, թե ինչ ազգակցական կապ կա իր եւ Կոտայքի թեմի առաջնորդի միջեւ նա ասաց. «Բարեկամ է: Այդ հարցին եւս չեմ պատասխանի: Կարծեմ՝ սրբազանն ասել է՝ հորեղբոր թոռ»:
Քյարամյանը միաժամանակ հրաժարվեց հանրայնացնել իր հոր անուն-ազգանունը։