«Էլ թափանցիկ չե՞ք». Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում մասամբ ընդունել համարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որը վերաբերում է Երեւանի ավագանու նիստերի ընթացքին եւ դրա լուսաբանմանը:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ կառավարության համար ընդունելի չէ ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով սահմանվում է Երեւանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:
«Ավագանու նիստը հրապարակային է, ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում: Օրենքով ավագանու նիստերին մասնակցելու եւ ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակ ամրագրումն ինքնանպատակ չէ: Եթե օրինակ երեւանցիներից հազար մարդ ցանկություն ունենա մասնակցել ավագանու նիստին, դա կարող է խոչընդոտել ավագանու բնականոն ընթացքը»,-ասաց նա՝ հավելելով, որ համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել եւ լսել ցանկացած անձի:
Ինչ վերաբերում է ավագանու նիստին լրագրողների մասնակցության առաջարկին, Պապիկյանն ասաց, ու այդ առաջարկը մասամբ է ընդունելի. առաջարկվում է, որ լրագրողները կարող են ներկա լինել ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից տեսանելի եւ լսելի է նիստը. «Լինելու է հարթակ, փոքրի արգելապատնեշ, որից այն կողմ լրագրողները չեն կարող անցնել»:
Կառավարությունը նաեւ ամբողջությամբ ընդունելի է համարում ԼՀԿ-ի երրորդ առաջարկը՝ հանել Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր պետական կառավարման մարմինները թափանցիկության հետ խնդիր չունեն. «Հիմա նույնիսկ ԱԱԾ-ն է թափանցիկ աշխատում: Հիմա էլ սկսել են դա քննադատել, որ ինչ-որ շատ թափանցիկ է»,-ասաց Փաշինյանը, ապա հայացքը գցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վրա ու հավելեց. «Էլ թափանցիկ չե՞ք»: