Առաջին անգամը չէ, որ Արման Դերմոյանը թերանում է, քանիցս զգուշացվել է. Արարատի մարզպետարանի պարզաբանումը
Լրատվական դաշտում տարածում գտած այն տեղեկատվությունը, թե «Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում է պահանջել», չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին ասված է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
«Տեղեկացնում ենք, որ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Դերմոյանն առաջին անգամ չէ, որ թերանում է իր աշխատանքում, նրան քանիցս զգուշացվել է, հերթական թերացման դեպքում էլ ծառայողական քննություն է նշանակվել։ Նա ստացել է նկատողություն եւ շարունակում է պաշտոնավարել։ Հայտնում ենք նաեւ, որ Արման Դերմոյանը մարզպետից գրավոր հիմնավորում չի պահանջել։
Շատ անգամ աշխատակիցների կողմից թույլ տված թերացումների պատճառով ուշացել են ինչպես կառավարության անդամների, այնպես էլ քաղաքացիների կողմից հասցեագրված գրությունների պատասխանները, ինչի պատճառով տուժել է աշխատանքը։ Մարզպետի կողմից աշխատակիցներին զգուշացվել է՝ աշխատանքի են գալիս միայն աշխատելու համար, թերացումներն այլեւս մեր աշխատելաոճին համահունչ չեն»,-ասված է պարզաբանման մեջ։