«Առնվազն ծիծաղելի է». Բոստանջյանը՝ իրականության հետ «կարճ միացում» տվող իշխանության հայտարարությունների մասին
Հարկային օրենսգրքի ենթադրվող փոփոխությունների վերաբերյալ անորոշության մեծ դոզա կա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նոր իշխանություններն, իհարկե, աշխատում են հնարավորինս ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն իրականացնել, սակայն այս պահի դրությամբ այդ առումով հաջողություններ չունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Բոլոր պարագաներում տնտեսական առաջընթաց ապահովելու համար ակնհայտորեն պետք է տնտեսական հավասարակշռված եւ հիմնավորված քաղաքականություն իրականացվի, որում իր կարեւոր տեղն ունի հարկային քաղաքականությունը»,–նշեց նա։
Տնտեսագետի կարծիքով՝ Եկամտային հարկի համահարթեցումը վտանգում է պետական մուտքերը. «Եկամտային հարկի համահարթեցումը վտանգում է պետական մուտքերը առանց այդ էլ սուղ հնարավորությունների պարագայում՝ գրեթե 27-30 միլիրադ դրամի չափով։ Դրա փոխհատուցումը ենթադրում է այլ տիրույթների գործունեության իրականացում՝ քաղաքականության կատարելագործում կամ լավացում ինչպես ԱԱՀ–ի տիրույթում, ակցիզային հարկի կտրվածքով։ Սրանք անուղղակի հարկեր են, որոնց բեռը քաղաքացին է կրում։ Բայց մենք ունենք ցածր վարձատրություն, գործազրկության վատ՝ գրեթե 20 տոկոս մակարդակ։ Ուստի ոչ ոք չի կարող հայտարարել, որ այս փոփոխությունները ենթադրում են ավելի դրական իրավիճակ»։
Բոստանջյանը հորդորում է նոր իշխանություններին հոգ տռանել, որ իրենց հայտարարությունները չհակասեն իրականությանը. «Նոր իշխանությունները փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ երկրում լավ է, բայց պետք է այնպես անեն, որ այդ ներեւկայացրածը իրականության հետ «կարճ միացում» չտա։ Այսօր հասարակության հուսալքությունն ու դժգոհությունն էլ կապված է այն հանգամանքի հետ, որ շատ բարձրաձայնումներ իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ, ասում են՝ մեր օրոք ավտովթարները քչացել է։ Էն ժամանակ մարդիկ ախմա՞խ էին, իրար խփում էին, նոր իշխանության օրոք քչացան, առնվազն ծիծաղելի է»։