Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կապարետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական բաժնի, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար եւ մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե նրան աշխատանքից ազատել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր ոչ իրավաչափ հրահանգը չկատարելու պատճառով: