Երիտասարդը որոշել է «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի հետ խոշոր չափի թմրանյութ իրացնել
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների իրացման հանգամանքները, կատարման մեխանիզմը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 10-ին Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1993 թվականին, թմրամիջոցներն իրացնելու գործում իր օգնությունն առաջարկելու նպատակով զանգահարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող, թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվող իր ծանոթին: Վերջինս ընդունելով առաջարկը՝ թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակելու դիմաց Երեւանի 26-ամյա բնակչին խոստացել է թմրամիջոցների վաճառքից գոյացած գումարը բաժանել հավասարաչափ:
26-ամյա երիտասարդը, խոստացված օժանդակությունը ցուցաբերելով եւ գործելով նշված կալանավորի ցուցումով, 2018 թվականի հունիսի 13-ին, թմրամիջոցը ձեռք բերելու, այնուհետեւ այն փաթեթավորելու եւ գնորդներին փոխանցելու նպատակով գնացել է Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող խաղատներից մեկի հարակից հատվածը, այնտեղ գտնվող շրջադարձ ճանապարհային նշանի տակից վերցրել է նախապես նույն վայրում դրված ծխախոտի տուփը, որի մեջ եղել է 5 փաթեթ՝ ընդհանուր 4.16 գրամ քաշով առանձնապես խոշոր չափի MDMB (N)-2201 (սփայս) տեսակի թմրամիջոցով, որից հետո վերադարձել է Երեւան:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Երեւան վերադառնալու ճանապարհին՝ Աճառյան փողոցի սկզբնամասից 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է նշված առանձնապես խոշոր չափի սփայս տեսակի թմրամիջոցը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: