«Մանուկյան կոնյակի գործարանը» երեք տարով ազատվեց ավելացված արժեքի հարկի վճարումից. Բալհովիտում նոր գորածարան կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:
Խոսքը 2019-ի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մասին է:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Նշված ներդրման գումարի շուրջ 1,1 մլրդ դրամը սարքավորումներ են, սակայն մեծ մասը արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն վերը նշված ցանկում։
Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ՝ հայտնում ենք, որ նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն կարող է իրականացվել փուլ առ փուլ։
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով: