Զարթոնքը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքն արդեն 5 օր է՝ ունի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին,հայտնեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը: Գյուղապետի
ժամանակավոր պաշտոնակատարը 67-ամյա Էմիլ Եղիազարյանն է: Նշանակումը
կատարվել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից:
«Ինքը մեզ կանչել է գյուղապետարան: Հանդիպել ենք շատ լավ մթնոլորտում,
առայժմ լավ տպավորություն է ստեղծվել: Բայց դե մենակ լեզվով չի, գործով
պիտի ապացուցի»,- ասաց համայնքի բնակիչը:
Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը ասաց, որ
35 տարի աշխատել է Արշալույս գյուղում որպես տնօրեն, և վստահ է՝ կհաջողի
այս աշխատանքը. «Ես որևէ միջամտություն չունեմ ժամանակավոր պաշտոնավարելու
հետ: Ինձ զանգահարել են մարզպետարանից և առաջարկել են, ես էլ ընդունել
եմ»,- ասաց Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները երկու ամիս
էր, որ բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր
Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների
համար: Ապրիլի 12-ին և 13–ին տեղի ունեցած բախումներից հետո գյուղապետը
հրաժարական էր տվել: