«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքով իրավախախտում կատարած անձի նկատմամբ վարչական տուգանք է նշանակվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի
հարակից տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) կողմից
կատարվել է թռիչք: Թռիչքի մանրամասները պարզելու (ուսումնասիրելու)
նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է
աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի
կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Աշխատանքային խմբի կողմից արձանագրվել
է թռիչքների կանոնների խախտում, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների
վերաբերյալ» օրենսգրքի 121-րդ հոդվածով և ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի «Հայաստանի
Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման
կարգը հաստատելու մասին» թիվ 56-Ն հրամանով սահմանված կանոնների խախտում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես
վարչական մարմին, վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցել է
վարչական վարույթ, որի արդյունքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ
ընդունվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում:
Խնդրում ենք հեռակառավարվող անօդաչու
համակարգերը շահագործելու ընթացքում խստագույնս պահպանել թռիչքների
կանոնները, քանի որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում թռիչքային և
ավիացիոն անվտանգությանը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ
թռիչքային կանոնների չպահպանելը կարող է հանգեցնել վարչական տուգանքի՝
նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»: