Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից. Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն»
ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից
գործարկվող ծրագրի մասին, որի ժամանակ ծնողները էլեկտրոնային եղանակով
կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում:
Նրա խոսքով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա:
«Բոլոր առարկայացանկերում կրթական ծրագրերը փոփոխության են
ենթարկվում: Դպրոցը երբեմն լրացուցիչ ծանրություն է առաջացնում աշակերտի
մոտ, իսկ աշակերտը պետք է հավեսով գնա դպրոց: Շատ առարկաներ կփոխվեն, իսկ
որտեղ համընկնումներ կան, կմեկտեղենք: Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես
կհանվեն կրթական ծրագրից, սակայն այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել թե
որոնք և երբ»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննարկվում է տարրական դպրոցում
գնահատական չդնելու հարցը, սակայն սրան պետք է երկար գնալ, քանի որ սա
լրացուցիչ հմտություններ է պահանջում:
Նա նաև խոսել է ինֆորմատիկայի ծրագրի մասին և նշել, որ մենք այսօր
դպրոցներում և բուհերում հին ծրագրեր են դասավանդում: Նախարարի խոսքով՝
ինֆորմատիկայի դասագրքերով դասավանդելը սխալ է, և ճիշտ կլինի, որ այդ
առարկան մատուցվի օնլայն ձեռնարկներով, որոնք պարբերաբար կթարմացվեն: