Կոտայքի մարզպետը՝ վերելակների արտադրության մասին
Վերելակների արտադրության հետ կապված Չարենցավանում շուրջ 5 արտադրական տարածքներ ենք նախանշել չինական ընկերության մեր գործընկերների պահանջով՝ իրենց չափորոշիչներին համապատասխան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով մարզում վերելակների արտադրության մասին։
«Սպասում ենք չինական կողմից այցին, որպեսզի այդ արտադրատարածքներից 1-2–ը ընտրեն հոսքագծերի տեղակայման համար։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Աբովյան եւ Հրազդան քաղաքների բարձրահարկ շենքերի համար 1-ական վերելակ են նվիրել մարզին, չափագրել են, որ վերելակները տեղադրեն»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում չինական ընկերության հետ ամիսներ առաջ հուշագիր է ստորագրվել վերելակների արտադրություն հիմնելու համար:
Վերելակների արտադրամասի հիմնման բուն աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում: Ծրագիրը ենթադրում է մի քանի միլիոն դոլարի ներդրում:
Նախատեսվում է, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե´ ներքին սպառման, եւ թե´ արտահանման համար: