Մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի գիտական քարտուղարն ու թարգմանիչը
Կյանքի 99-րդ տարում մահացել է գրող, գրաքննադատ, Վազգեն Ա Ամենայն
Հայոց Կաթողիկոսի թարգմանիչ, գիտական քարտուղար, Գևորգյան ճեմարանի նախկին
դասախոս Պարգև Շահբազյանը: Նրա մահվան լուրը սոցիալական ցանցում հաղորդել
են գրողի, դասախոսի նախկին գործընկերները՝ նշելով, որ կյանքից հեռացել է
պատկառանք ներշնչող մտավորականության վերջին ներկայացուցիչներից մեկը, որն
իր ամբողջ կյանքը՝ Հայաստան հայրենադարձվելուց հետո, նվիրել է
գրականությանն ու գիտությանը:
Պարգև Շահբազյանը ծնվել է Պոլսում, սովորել է Հալեպի ֆրանսիական
քոլեջում, այնուհետև Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արևելյան
լեզուների հայագիտության բաժնում: Մանկավարժական գործունեություն է ունեցել
սփյուռքում, այնուհետև 1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է
Հայաստան, որտեղ ֆրանսերեն է դասավանդել դպրոցներից մեկում, կազմել
ֆրանսերենի դպրոցական դասագրքեր:
Պարգև Շահբազյանը հայերենի դասագրքեր է կազմել նաև սփյուռքահայ
դպրոցների համար, մասնակցել է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանության
աշխատանքներին։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել բազմաթիվ
ստեղծագործություններ: 1981-1983 թվականներին խմբագրել է Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի «Էջմիածին» ամսագիրը, ավելի քան 25 տարի Մայր Աթոռում վարել է
Գերագույն հոգևոր խորհրդի ատենադպրի պաշտոնը:
Նա կաթողիկոսական մի շարք շքանշաններ է ստացել, արժանացել է նաև
Նապոլեոն Ա-ի կողմից 1805 թ.-ին հիմնած «Ակադեմիական Արմավենիներ» («Palmes
Académiques») ֆրանսիական ազգային շքանշանին: Պարգև Շահբազյանը կազմել է
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի արտասահմանյան ուղևորությունների մասին
գրքերը. նա ուղևորությունների ժամանակ մշտապես ուղեկցել է Վեհափառին: