Գազամուղներն ու երկաթուղիները մեզ շրջանցում են, ավտոճանապարհային ծրագրե՞ր էլ չենք կարողանում մտնել. Հրանտ Բագրատյան
Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել եւ դառնալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնադիր անդամ, որը ֆինանսավորում է «Մետաքսի ճանապարհի» նախագծերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պեկինում ընթանում է «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Մասնակցում է 40 երկրի նախագահ։ Այնտեղ են Պուտինը, Նազարբաեւը, Ալիեւը եւ այլն։ Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։ Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ եւ 1 տրլն դոլարի վարկային ռեսուրս։
Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել եւ դառնալ բանկի հիմնադիր անդամ։ Ներկայումս բանկի մնջոցներով հսկայածավալ շինարարություն են անում ռուսները, ադրբեջանցիները (նկատենք, որ այս երկրներն ունեն առեւտրի դրական հաշվեկշիռ եւ, սովորաբար, վարկեր չեն վերցնում), վրացիները, ղազախներն ու ղրղզները։
Եվրասիական մայրցամաքը մի 10 տարուց անճանաչելիորեն կփոխվի։ Լավ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես։ Ավտոճանապարհային ծրագրեր է՞լ չենք կարողանում մտնել»: