Լոռիում փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ը, բայց վարորդը փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ
Բնապահպանության եւ
ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն
կատարելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը
19.00-ի սահմաններում, Քարինջ-Մարց ճանապարհին, ստուգման նպատակով, փորձել
են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, սակայն
վարորդը չի կանգնեցրել ավտոմեքենան եւ փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ
ավտոմեքենան վարել է 1997 թ. ծնված Մամիկոն Մ.-ն, որը դիմել է փախուստի,
փայտանյութը դատարկել իր մորեղբոր տան բակում եւ թաքնվել:
Տեղեկությունն ստուգելու նպատակով կատարված այցելությամբ, նույն օրը,
ժամը 22.30-ի սահմաններում, Քարինջ գյուղի մի տան բակում հայտնաբերվել է
շուրջ 2 խմ փայտանյութ, ինչի կապակցությամբ տանտերը եւ նրա ընտանիքի
անդամները հայտնել են, որ այն իրենց բակում հայտնվել է նույն օրը
ժ.17.00-ից մինչեւ ժ.21.00-ն ընկած ժամանակահատվածում եւ տեղեկություն
չունեն այն դատարկող անձի մասին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապրիլի 25-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում, Մամիկոն Մ.-ն
բացատրություն է տվել, որ նշված փայտանյութը բենզասղոցի գործադրմամբ
պատրաստել է ինքը, ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարց գյուղի
հարակից անտառից՝ հատելով 1 քամատապալ լորենի, իսկ նույն օրը, ժամը 19.00-ի
սահմաններում, Մարց-Քարինջ ճանապարհին չի ենթարկվել ոստիկանության
ծառայողների կողմից իր ավտոմեքենան կանգնեցնելու օրինական պահանջին, քանի
որ փայտանյութի ձեռք բերման եւ ավտոմեքենայի վարման համար չի ունեցել
համապատասխան փաստաթուղթ եւ վարորդական իրավունքի վկայական:
Նախապատրաստվում են նյութեր: