Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր
Լոս Անջելեսի մարզի
կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի
կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը
ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ.
Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի
համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց
ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս:
«Իբրեւ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդ, ապրիլի 24-ը հռչակում
ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ վառ պահելու 1.5 մլն զոհերի
հիշատակն ու ընդգծելու նման դաժանությունների կրկնությունն ապագայում
կանխելու կարեւորությունը»,– գրված է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել
են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն իր ելույթում
երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի նախագահին
եւ անդամներին: «Լոս Անջելեսում կա մեծ հայկական համայնք, որոնց մեջ զգալի
թիվ են կազմում Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները, որոնք ոչ
միայն ապաստան են գտել Կալիֆորնիայում, այլեւ իրենց գործունեությամբ մեծ
նպաստ բերել նահանգի զարգացմանը»,–ասել է ՀՀ գլխավոր հյուպատոսը: