Մշակույթի նախարարությունում նախարար չկա, իսկ տեղակալները չեն ճանաչում նույնիսկ հայոց աշխարհը. Հասմիկ Կիրակոսյան
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների և Գյումրիում մշակութային ծրագրերի մասին Shantnews.am-ի թղթակիցը զրուցել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հետ: Նա անդրադարձել է մշակույթի նախարարության օպտիմալացմանը և երիտասարդ կադրերի ընտրությանը:
«Միշտ էլ մայրաքաղաքից հեռու` մարզերում, մշակութային քայլքը դեպի առաջ պայքարով է եղել, երբեք հլու-հնազանդ վերևը չի իջեցվել մեզ համար: Երկար տարիներ աշխատել եմ մշակույթի նախարարության շատ պաշտոնյաների հետ, նրանք գիտեին Գյումրին, և եթե որևէ հարցով ներս էինք մտնում, այդքան դժվարությունների չէինք հանդիպում: Հիմա բարդ է այն իմաստով, որ նախարար չկա մշակույթի նախարարությունում, տեղակալները նոր մարդիկ են, որոնք չեն ճանաչում նույնիսկ հայոց աշխարհը:
Ջահելներին փորձ է պետք, իսկ այդ փորձը ձեռք բերելու համար մի քիչ ավելի գիտակ մարդիկ պիտի այդ պոստերը զբաղեցնեն, սովորեցնեն ջահելին, հետո նոր ջահելը գա նրանց փոխարինելու: Ոտաբոբիկ, ինքնահավան, ոչ մեկին ոչ մի հարց չտվող ջահելին չի կարելի վստահել այնպիսի կառույց, որը հայոց գոյության, հարատևության հենասյուներից մեկն է»,- ասել է Հասմիկ Կիրակոսյանը:
Նա նաև նշել է, որ հիմա Հայաստանում մշակույթը աղճատված է: Պետության ուշադրության և ֆինանսավորման մեծ մասը բաժին է հասնում մայրաքաղաքին, իսկ մարզերում մշակութային միջոցառումների անցկացումը մեծ մասամբ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով է կազմակերպվում: