Թրամփը կրկին հայտարարել է, որ իր վրայից հանվել են «Ռուսաստանի հետ գործարքի» գործով կասկածները
ԱՄՆ նաախագան Դոնալդ
Թրամփը կրկին հայտարարել է, որ իր վրայից արդեն հանվել են բոլոր
կասկածները՝ կապված 2016թ․ ընտրությունների հետ, թեեւ ե՛ւ ինքը, ե՛ւ
ամերիկյան հասարակությունը դեռ սպասում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի
մոտ 400 էջանոց զեկույցի հրապարակմանը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Թրամփը Twitter-ում գրել է, որ Մյուլլերը եւ գլխավոր դատախազ Ուիլյամ
Բարը, ծանոթանալով զեկույցի տեքստին, «արդեն որոշել են, որ ո՛չ որեւէ
գործարք, ո՛չ արդարադատությանը խոչընդոտ չի եղել»։ Թրամփի խոսքերով, «այդ
հանցանքները» գործել է իր մրցակից Հիլարի Քլինթոնը, Դեմոկրատական
կուսակցության ազգային կոմիտեն եւ «կեղտոտ ոստիկանները», ինչպես նա անվանել
է նախկին բարձրաստիճան իրավապահ մարմիններին։ «Հետաքննություն իրականացրեք
նրանց հանդեպ, ովքեր հետաքննություն են իրականացրել»,- կոչ է արել նա։
Վաշինգտոնում ակնկալում են, որ Բարն արդեն այս շաբաթ կարող է հրապարակել
զեկույցի տարբերակը։ Երեք շաբաթ առաջ գլխավոր դատախազը ներկայացրել էր
զեկույցի չորս էջանոց տարբերակը, որում ասվում էր, որ հատուկ դատախազ
Մյուլլերը Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ գործարքային կապ
չի գտել
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նախօրեին հայտարարել էր, որ
իր կարծիքով, զեկույցի հրապարակումը նախագահի վարկանիշին չի վնասի։