Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում սառնությունը սպառնում է վերածվել ռազմական հակամարտության
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ակնհայտ սառնությունն անհանգստացնում է որոշ խմբերին, որոնք խուսափում են Վաշինգտոնի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական հակամարտությունից, որը կարող է հանգեցնել նաեւ միջուկային պատերազմի, գրում է AP-ը:
Ամերիկյան եւ եվրոպական վերլուծաբանները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներկայիս ու
նախկին ռազմական սպաները նշում են, որ միջուկային գերտերությունները պետք է
ավելի շատ շփվեն միմյանց հետ: Սպառազինման նկատմամբ հիմնարար
վերահսկողության մասին համաձայնագրի չեղարկումը կհանգեցնի նրան, որ վերջին
լուրջ սահմանափակումը ռազմավարական միջուկային զենքի նկատմամբ կարող է
վերանալ շուրջ երկու տարի անց: Ի տարբերություն սառը պատերազմի տարիների,
երբ սերունդներն ապրում էին միջուկային Արմագեդոնի սպառնալիքի ներքո,
կողմերը գրեթե չեն խոսում միմյանց հետ:
«Սառը պատերազմի ժամանակ մենք ընդունում էինք միմյանց ազդանշանները:
Մենք խոսում էինք»,-ասում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար, գեներալ
Քերթիս Սքապարոտին: «Ես մտահոգված եմ, որ մենք չգիտենք նրան (ՌԴ-ին)
այսօր»:
Սկապարոտին ընդամենը երկու անգամ էր հանդիպել ռուսական գլխավոր շտապի
ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովի հետ, սակայն մի քանի անգամ խոսել էր
նրա հետ հեռախոսով: «Ես գտնում եմ, որ շփումը զսպման շատ կարեւոր պայման
է»,-ասել է Սկապարոտին՝ նկատի ունենալով, որ հակառակորդները, որոնք գիտեն
միմյանց հնարավորություններն ու մտադրությունները, պակաս հավանականությամբ
կկոնֆլիկտեն: «Ռուսաստանի հետ շփումը թույլ կտա հասկանալ միմյանց,
հասկանալ՝ ինչու ենք մենք անում այն, ինչ անում ենք: Պետք է ավելի շատ
շփվել Ռուսաստանի հետ»:
Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, որոնք համատեղ վերահսկում են
համաշխարհային միջուկային զենքի ավելի քան 90 տոկոսը, հայտարարում են
ընթացիկ տարվա օգոստոսին ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մասին:
Շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար, ծովային հետեւակազորի
գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր է ԱՄՆ-ի հետ
լարված հարաբերությունների համար:
«Մեզ դժվար է նորմալ հարաբերություններ ունենալ երկրի հետ, որը վերջին
տարիների ընթացքում աննորմալ վարք է ցուցաբերում»,-ասել է Դանֆորդը: «Կան
լուրջ խնդիրներ, որոնք ազդում են մեր երկկողմանի հարաբերությունների վրա.
այդ խնդիրները լուծման կարիք ունեն»: Դանֆորդն ասել է, որ պարբերաբար
շփվում է Գերասիմովի հետ: «Ես կարծում եմ, որ մենք սահմաններ ունենք
ճգնաժամի դեպքում այն կառավարելու համար բարձրագույն ռազմական
մակարդակում»:
Ռազմածովային նավատորմի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը գտնում է,
որ Արեւմուտքը պետք է հակազդի Ռուսաստանին, այդ թվում՝ Ուկրաինայում եւ
Սիրիայում նրա գործողությունների հետ կապված: Սակայն նա նշում է, որ
համագործակցության տարբերակներ կան բազմաթիվ ուղղություններով՝ ներառյալ
Արկտիկան եւ սպառազինման նկատմամբ վերահսկողությունը: «Մենք կանգնած ենք
սառը պատերազմ վերադառնալու վտանքի առջեւ, որը ոչ մեկի համար ձեռնտու չէ.
դրա վտանգը մեծանում է առանց պաշտպանության նախարարությունների միջեւ
հաստատուն քաղաքական համագործակցության»,-ասել է նա:
Մոսկվան նշում է, որ պատրաստ է երկխոսությանը: «Ռուսաստանը շարունակում է
բաց մնալ փոխազդեցությունների համար, որոնք ուղղված են լարվածության
թուլացմանը, փոխադարձ վստահության վերականգնմանը, միմյանց մտադրությունների
սխալ մեկնաբանությունների կանխարգելմանը եւ վտանգավոր միջադեպերի
հավանականության նվազեցմանը»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության
մեջ:
Նախկին սենատոր Սեմ Նանը պնդում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը չափազանց կարեւոր է:
«Դուք չեք կարող դադար վերցնել,-ասել է նա: Միջուկային խնդիրները դեռ լուծված չեն, եւ դրանք դառնում են ավելի վտանգավոր»:
Նանը նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի եւ պաշտպանութան նախկին նախարար
Ուիլյամ Փերիի հետ համատեղ հոդված է գրել, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու
Ռուսաստանը հայտնվել են «քաղաքական պարալիչի մեջ», որը կարող է հանգեցնել
ռազմական հակամարտության եւ, հնարավոր է, միջուկային զենքի կիրառմանը:
«Անհրաժեշտ է համարձակ քաղաքական տեղաշարժ,-գրում են նրանք Wall Street
Journal-ում,-Ռուսաստանի հետ համագործակցության ռազմավարական վերականգնումը
սատարելու եւ այդ վտանգավոր անդունդից հեռանալու համար: Հակառակ դեպքում
մեր երկրները մոտ ապագայում կհայտնվեն միջուկային հակամարտության գոտում»:
Անվտանգության հարցերով փորձագետների խումբը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի,
Կանադայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի պաշտոնական դեմքերը փետրվարին կոչ են
արել Մոսկվայի հետ բանակցություններ անցկացնել:
«Փոխադարձ անհասկացվածության վտանգն իրական է»,-ասվում է Եվրաատլանտյան անվտանգության առաջնորդների խմբի հայտարարության մեջ:
Նշվում է, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ սովորական պատերազմի
կամ, ամենավատ դեպքում, «պոտենցիալ միջուկային սպառնալիքի կամ անգամ
միջուկային պատերազմի, երբ միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել հաշված
րոպեների ընթացքում»: