Երևանում ծառատունկ է. կտնկվի ավելի քան 7500 ծառ ու թուփ
Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Լրագրողների հետ զրույցում Երևենի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը խոսել է ծրագրի մասին:
«Ծիծեռնակաբերդի պուրակում և Սարալանջի մի հատվածում գումարային ավելի քան 17 հա-ի վրա նախատեսված է իրականացնել բջջաշիվային էտման աշխատանքներ: Տարիների ընթացքում հատած ծառերից գոյացած կոճղերը թփերի են վերածվել: Դրանք կարելի է փրկել: Մենք այսօր նախատեսում ենք այդ հատվածներում իրականացնել էտման աշխատանքներ, վերականգնել, փրկել այդ թփուտներից վերընձյուղվող ծառերը»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ ավելի քան 300 մասնակից կա տարածքներում: Նրանց հսկում են մասնագետները՝ ավելի արդյունավետ աշխատանքի համար:
«Մենք ընտրում ենք այն վայրերը, որոնք ունեն ոռոգման հնարավորություն: Բարձրացրել են տնկվող ծառերի նկատմամբ պահանջները»,- ասաց նա: