Ռազմական հռետորաբանությունը նպաստում է ատելության աճին. Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կոնֆլիկտային գոտիներում լուրջ մարտահրավերներ կան: Նա խոսեց ռազմական հռետորաբանության մասին, որ նպաստում է ատելության աճին:
Ռուբինյանը նշեց, որ ատելության խոսքը կարող է նոր պատերազմներ, նոր ցեղասպանություն, մարդկության դեմ նոր հանցագործություններ բերել: ՀՀ պատվիրակության անդամն ընդգծեց՝ քաղաքական գործիչները պետք է վստահեցնեն, որ դրան լուրջ հակահարված կլինի, ասաց՝ ելույթները պետք է ուղղված լինեն կյանքին, ոչ թե մահվանը:
«Հայաստանի նոր վարչապետը, որը ձեր առաջ հանդես կգա վաղը, շատ հստակ նկարագրել է իրավիճակը. Հայ ժողովրդի համար ԼՂ հարցը պետք է պատշաճ լուծում ստանա, իհարկե, մյուս կողմի շահերն էլ հաշվի առնելով: ՀՀ վարչապետը ոչ միայն իր հանրության, իր երկրի մասին է մտածում, այլև այլ հանրության»,- ասաց նա:
Ռուբինյանն ընդգծեց՝ պետք է բացառել նաև ԶԼՄ-ներում նմանատիպ հռետորաբանությունը, նշեց՝ երբ էթնիկական լարվածություն կա որևէ տարածաշրջանում, այդ բառերն այլ կերպ են երևում:
«Մենք նման հռետորաբանություն չունենք»,- ասաց նա:
Ռուբինյանը հույս հայտնեց, որ կլինի տրամադրվածության փոփոխություն, որը նաև խոսքերում կարտահայտվի: Նա ընդգծեց՝ պետք չէ անհիմն մեղադրել իրար, պետք է մարդու իրավունքները պաշտպանել: