Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը որևէ կապ չունի հարկային բարեփոխումների հետ. Մանե Թանդիլյան
Գրավատների եւ փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որեւէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը եւ անտրամաբանական է ֆինանսական վերահսկողության շրջանակում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում:
Ոլորտի վերաբերյալ Կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել եւ իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում:
Հետեւաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը եւ այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»: