ԱՊՀ դիվանագետները քննարկել են արտաքին մարտահրավերների դեմ գործակցությունն ամրապնդելու հարցեր
Այսօր՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ արտաքին քաղաքական
գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր,
մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների
և մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման
բնագավառում:
Նիստի մասնակիցներն ամփոփեցին ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ
միջգերատեսչական խորհրդատվությունների 2018թ. ծրագրի իրականացումը և
հաստատեցին 2019թ. ծրագիրը:
Հավանության արժանացավ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի
կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Հայտարարության
նախագիծը, որում հաստատվում է ԱՊՀ երկրների` միջազգային իրավունքի նորմերին
և սկզբունքներին հավատարմությունը, ընդգծվում է Երկրորդ աշխարհամարտի
վերջում՝ 1945թ. ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության համընդհանուր և
միջկառավարական բնույթը, դրա հատուկ պատասխանատվությունը խաղաղության
պահպանման և նոր գլոբալ հակամարտությունների կանխարգելման գործում:
Հաստատվեցին ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հիմնարար հետազոտությունների
բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի
նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր:
Նախարարների խորհուրդը քննարկեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների
օգտագործմամբ իրականացված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում
կադրերի պատրաստման բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու
վերաբերյալ փաստաթուղթը:
Նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Աշգաբադում: