Երևանում մեկնարկել է «IT-SUMMIT 2019» համաժողովը
ՌԴ «Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների
ասոցիացիայի» (АПКИТ) և «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի
նախաձեռնությամբ՝ Երևանում մեկնարկել է «IT-SUMMIT 2019» համաժողովը, որի
շրջանակներում մեր երկրում են գտնվում IT ոլորտի 150-ից ավելի
կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ղեկավարներ ու մասնագետներ,
պետական կառույցների պաշտոնյաներ։
Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում
զարգացնելու ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը, կարևորել
առաջիկայում ձևավորվող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարություն ստեղծելու գործընթացը։ Նա ընդգծել է, որ մշակվում է բարձր
տեխնոլոգիաների ոլորտի նոր քաղաքականություն՝ զարգացման նոր էկոհամակարգով
և թվայնացման օրակարգով, ինչը նոր մակարդակի և հիմքերի վրա կդնի
Հայաստանում զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։
Համաժողովում ելույթ է ունեցել նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Նա
ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած
ներուժն ու զարգացման հնարավորությունները, ընդգծել, որ ոլորտի արագ
առաջընթացի համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, ինչին և ուղղված է ՀՀ
կառավարության տեսլականը։
Ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի խոսքով՝ Հայաստանն այն
երկրներից է, որը կարողացել է պահպանել ՏՏ ոլորտի մասնագետներին, ինչն
անչափ կարևոր պայման է համագործակցություն կառուցելու համար։ «IT-SUMMIT»-ը
Երևանում երկրորդ անգամ անցկացվելով՝ այս տարի հնարավորություն է ընձեռվել
հայկական ՏՏ ընկերություններին, ստարտափերին և այլ նախաձեռնություններին
«АПКИТ» ասոցիացիայի անդամներին և հյուրերին ներկայացնելու հայկական
առաջադեմ մշակումները, գիտական հետազոտությունների արդյունքները և
լավագույն գործնական լուծումները։
«IT-SUMMIT'2019»-ը հնարավորություն կտա երկու երկրների ոլորտի
մասնագետներին մեկ միջոցառման ընթացքում ծանոթանալու տարատեսակ նախագծերի,
որոնք ստեղծում են եզակի պրոդուկտներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն