Հայաստանում ականային վտանգ պարունակող 123 տարածք կա
2005թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տուժածների մոտ 30% երեխաներ են: Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր) կան
ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35,000 մարդ: Նրանց կյանքն ու առողջությունը վտանգված են: Հայաստանում ականային պատահարներից 700-ից ավելի մարդ է տուժել: Ականային
վտանգը խոչընդոտում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանը, խաթարում է մարդկանց կյանքի բնականոն ընթացքը և նպաստում արտագաղթին։
2011թ. ՀՀ կառավարությունը, ստանձնելով երկրի ականապատ տարածքների ականազերծման պատասխանատվությունը, հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ռազմավարությունն ըստ առաջնահերթությունների է: Առաջին հերթին ականազերծվում են այն տարածքները, որոնք մեկ կմ-ից պակաս հեռավորության վրա են գտնվում բնակավայրերից:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազորված պետական մարմինը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է:
03.11.2018թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ականային վտանգ պարունակող 123 տարածք կա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17778787 քառակուսի մետր: Մաքրված տարածքները 10-ն են՝ 209689 քառակուսի մետր, իսկ չեղյալ համարված տարածքները 4-ն են՝ 394608 քառակուսի մետր: