Սփյուռքահայ ներդրողները 750 մլն դոլարի ներդրումային փաթեթ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին․ Գագիկ Մակարյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներդրումներ անել ցանկացող սփյուռքահայերի
միջև հանդիպումը ժամանակին չկազմակերպելու մեջ թերացել էր վարչապետի
խորհրդականը, Tert.am-ի հետ զրուցում ասաց Գործատուների միության նախագահ
Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարությունում կայացած
ներդրողների և վարչապետի միջև հանդիպմանը:
Նշենք, որ օրեր առաջ նա լրագրողների հետ զրույցում դժգոհել էր, որ
Կառավարությունը չի հանդիպում Հայաստանում ներդրումներ անել ցանկացող
գործարարների հետ, և դա պատճառ էր դարձել անորոշ իրավիճակի:
Մակարյանը ներկայացրեց, որ բացի մամուլում խնդրի մասին բարձրաձայնելուց՝ Փաշինյանի խորհրդականին է դիմել՝ իրավիճակի հետ կապված պարզաբանման պահանջով: Այնտեղից էլ արձագանքել էին, որ արարողակարգը հանդիպումը կկազմակերպի:
«Ես հասկացա, որ կարող է հանրապետության վարչապետը տեղյակ էլ չէր այդ մասին»,- ասաց նա:
Նշենք, որ Գագիկ Մակարյանի հետ կառավարություն գնացած ներդրողների հետ
հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էներգետիկ ենթակառուցվածքների
և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ երեկվա կառավարության աշխատակազմում
եղած ազատումները նաև կապված էին նրա հետ, որ արարողակարգը ժամանակին չէր
կազմակերպել հանդիպումը, Գագիկ Մակարյանը պատասխանեց․«Արարողակարգը ոչ մի
մեղք չուներ: Մենք շատ գոհ ենք եղել արարողակարգի հետ
համագործակցությունից, և դա արարողակարգի որոշումը չէր: Խորհրդականի
միջոցով պետք է տեղեկատվությունը հասներ վարչապետին, որ արարողակարգը
կազմակերպեր: Բայց քանի որ արարողակարգին ոչինչ չէին ասել, իրենք դեռ
գործընթացից տեղյակ չէին»,- ասաց նա՝ հավելելով, որ վարչապետի արարողակարգի
պետի ազատման պատճառներ կարող է եղել են, բայց իրենց հետ կապված
գործընթացում նրա մեղավորությունը չկար.-«Ես հակառակը՝ կցանկանայի նրան
հայտնել իմ գոհունակությունն ու շնորհակալությունը»:
Գագիկ Մակարյանն ընդգծեց՝ թերացել էր վարչապետի խորհրդականը: «Եվ նաև
տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պետք է ակտիվ լինի,
հիմնավորումներ ներկայացնի և նաև հորդորի, որ նման հանդիպումներ
նշանակվեն: Ներդրողների նկատմամբ պետք է ուշադիր լինել», - ասաց նա:
Ներդրողների մեջ, ըստ Գագիկ Մակարյանի , ամերիկահայեր, նրանց հետաքրքրող
ոլորտը էներգետիկան էր: «Երկու իսպանական ընկերություն չկարողացավ
այցելել, քանի որ հանդիպումը այնքան ձգձգվեց, որ իրենց ժամանակացույցը
նույնպես փոխվեց և այլ երկրներում գտնվելու պատճառով իրենք չկարողացան գալ
Հայաստան»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ վարչապետի հետ հանդիպումը, ամեն դեպքում, իրենց ոգևորեց, նկատվեց, որ նա տիրապետում է ոլորտին:
Ներդրումային փաթեթը, ըստ Գագիկ Մակարյանի մոտ 750 միլիոն դոլար է:
«Բայց խոսակցության ընթացքում եղավ կարծիք, որ հնարավոր է՝ մի փոքր էլ
ավելանա: Կան նախագծեր, որոնք մրցույթով պետք է մասնակցեին», - ասաց նա:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ իրենք Նիկոլ Փաշինյանից խնդրեցին, որ իր
ուշադրության ներքո պահի ներդրումների ոլորտը: «Ճիշտ կլինի, որ իր միջոցով
գնան հանձնարարականները: Լավ կլինի, որ վստահությունը ներդրողներն իրենք
ստանան»,- ասաց նա:
Գործատուների միության նախագահի խոսքով՝ նա նաև վարչապետին ներկայացրել է
մի տեղեկանք, որտեղ ներկայացված են, թե ներդրողներին ինչն է խոչընդոտում
Հայաստանում:
«8 կետով նշել եմ ներդրումների համար եղած խոչընդոտները: Դրանք
վերաբերում են հող ձեռք բերելու իրավունքին, դրանք վերաբերում են
ներդրողների շահերի պաշտպանությանը, պրոտեկցիոնիզմի բացակայությանը՝
տեղական և դրսի ներդրողների դեպքում, դա վերաբերում է տնտեսության որոշ
ոլորտների փակ լինելուն: Հայաստանում պաշտպանված չէ նաև մտավոր ու
արդյունաբերական իրավունքը: Բացի այդ՝ այստեղ բոլոր լավ հողերը վաճառված
են, և ներդրողները ստիպված են գնալ և թանկ գնով գնել այն ավելի էժան գնած
մեկից և այլն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե նկատելի՞ է պատրաստակամություն այսօրվա իշխանությունների
կողմից վերացնելու այդ խոչընդոտները, Գագիկ Մակարյանն արձագանքեց․ «Մենք
պատրաստակամությանը չպետք է նայենք, սալ ուղղակի պետք է ստեղծենք այդ
պատրասկամության տրամադրությունը: Մենք պետք է քայլենք առաջ՝ համոզելով,
հորդորելով, թե ճնշելով պետք է գնանք առաջ»:
Վարչապետի հետ հանդիպած ներդրողների ներկայացրած ծրագրերը երեք ամսից
կարող են մեկնարկել, մեկ տարվա մեջ, ըստ Գագիկ Մակարյանի, գումարներ
կներդրվեն: «Նրանք համաձայն են, գոհ են վարչապետի հետ հանդիպումից: Առավել
քան հավանական է, որ ներդրումները իրականություն կդառնան», - ասաց նա: