Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության անձնակազմը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ
Սիրիայի Արաբական
Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը
նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Հալեպում ՀՀ
հյուպատոսարանում ապրիլի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի
մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) Հալեպի
տարածաշրջանային ղեկավար Մոհամեդ Ջեսի հետ, որին մասնակցել է նաև ՀՀ
գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն
իրականցանող հայ մասնագետների և UN OCHA տարածաշրջանային գործողությունների
հետագա քայլերը, ինչպես նաև Հալեպի հայ համայնքի հետ համագործակցության
հարցը: Այս կառույցի հետ գործակցությունը չափազանց կարևոր է հումանիտար
առաքելության համար:
Սակրավորային խումբն ապրիլի 2-ին անցկացրել է «Ականորսիչ սարքի
տեխնիկական բնութագրի, ականազերծման տեղամասի նշագրման անհրաժեշտությունը և
նշանակությունը» թեմայով պարապմունք:
Բժշկական անձնակազմն իր գործունեությունն է ծավալում Հալեպի տարբեր
հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են
վիրահատություններ: Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող
խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին
բուժօգնության դասընթացները կազմակերպելու նպատակով»,- ասված է գրառման
մեջ: