Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր
այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի
Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։
Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան
Մելքոնյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, «Հայջրնախագիծ»
ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։
Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է Կեչուտի ջրամբար, որտեղ
կառույցի պատասխանատուները նախարարին մանրամասն ներկայացրել են ջրամբարի
տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին
ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները
նախարարին հավաստիացրել են, որ ջրամբարը բերված է մեկնարկային վիճակի և
առաջիկա ամիսներին դեպի Սևանա լիճ ջրբացթողումը կիրականացվի անխափան ու
արդյունավետ:
Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական
համալիրի Եղեգիսի տեղամաս ։ «Արփա-Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր
Հակոբյանը նախարարին ներկայացրել է «Արփա-Սևան» թունելի արտադրողականության
բարձրացման նպատակով կատարված և նախատեսվող շինարարարական աշխատանքները, որոնց արդյունքում սպասվում է կրկնապատկել Սևանա լիճ տեղափոխվող ջրաքանակը։
Ըստ ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ տարում ակնկալվում է թունելի
թողունակությունը մինչ այսօր եղած առավելագույնը 14,5 մ³/վրկ-ից հասցնել
շուրջ 18,5-19,5 մ³/վրկ, որը հնարավորություն կտա այս տարի Սևանա լիճ
տեղափոխել 150 – 180 մլն մ³ ջրաքանակ: