Դատավորին կաշառք փոխանցելու մեջ կասկածվող փաստաբանը ձերբակալվեց. ՀՔԾ-ն հաստատում է
Կաշառքի օժանդակության համար կասկածվող փաստաբան Վահագն Դանիելյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության
քննիչի վարույթ ընդունված քրեական գործով Կոտայքի մարզի ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ
քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ այն բանի
համար, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է
առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական
գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու դիմաց՝ 2019թ. մարտի 4-ին
նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք`
3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական
պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց
ստանալ 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Խուսափելով
կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր
ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին
ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում
2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն
փոխանցել է դատավորին:
Հիշեցնենք, որ մարտի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը
բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկամսյա կալանքի որոշում
կայացրել Գագիկ Հեբոյանի նկատմամբ։