ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն պարտավորությունների կատարումը
Ռեադմիսիոն հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի 5-րդ նիստը տեղի ունեցավ Երեւանում։
Կոմիտեի նպատակն է հետեւել եւ գնահատել ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ընթացքին, վեր հանել եւ փորձել լուծումներ գտնել այդ ընթացքում առաջացող խնդիրներին։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (ՄԾ) պետ Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ներկայացրեց ռեադմիսիոն համաձայնագրի դերը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում։ Նա փաստեց, որ վերջինիս մեկնարկին ուղղված աշխատանքներն ակտիվ ընթաքում են։ «Մենք դրական արձագանք ունենք գերմանական կողմից եւ մեր աշխատանքը շարունակում ենք այլ անդամ պետություններ հետ», -ասաց նա։
Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի անկանոն միգրացիայի եւ վերադարձի քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դեն Ռոտենբերգը ներկայացրեց վիճակագրական տվյալները Հայաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով անօրինական հիմքով անդամ-պետությունների տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների հետընդունման հարցերին։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն համաձայնագրի դրույթների իրականացումը», -շեշտեց նա։
Հայկական կողմը ներկայացրեց վերադարձի ոլորտում ծրագրված աշխատանքները՝ առանձնացնելով տարբեր թիրախային խմբերի, նրանց կարիքների գնահատմանն ու վերաինտեգրման ուղղված հնարավորությունները։
ՀՀ-ում Գերմանիայի հյուպատոս Ալեքսանդր Բարտհոլդը նկատեց, որ քաղաքացիության հաստատման ցուցանիշը Գերմանիայից ուղարկվող ռեադմիսիոն հայտերի վերաբերյալ բավականին բարձր է Հայաստանի կողմից:
Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ Գերմանիան առաջին տեղում է ԵՄ երկրների շարքում ռեադմիսիոն համագործակցության համատեքստում: