Մահացել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-յան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան մահացել է.
«Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։
Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին` ժամը 22:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: