Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 89 տարեկան
Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Խորեն Աբրահամյանը այսօր կդառնար 89 տարեկան:
Նա ծնվել է 1930թ. Երևանում: Պետական մրցանակների և կինոփառատոների դափնեկիր Խորեն Աբրահամյանը խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված ու սիրված դերասաններից էր:
ՀՀ ժողովրդական արտիստը մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական բաժինն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ. Սունդուկյանի դրամատիկական թատրոն: Խաղացել է մի շարք թատրոններում ու ֆիլմերում: Խորեն Աբրահամյանը միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոներում երեք անգամ արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակներին:
Խորեն Աբրահամյանը թաղված է պանթեոնում, ուր այսօր այցելել են հարազատներն ու ընկերները, ծաղիկներ են դրել մեծ դերասանի շիրմաքարին ու խունկ ծխել:
«Խորեն Աբրահամյանը մեծագույն հետք է թողել հայ կինոյում ու թատրոնում, առաջիններից է, որ կենդանի ու ճիշտ խոսք բերեց թատրոն ու կինո, և մենք պարտավոր ենք պահել»,- ասաց Խորեն Աբրահամյանի թոռը՝ դերասան Խորեն Լևոնյանը: