Ինչպես կարելի է իրավիճակը չզգալ ու ուղղակի հրաման տալ. Հակոբ Ղազանչյանը՝ Օրբելյանի ազատման մասին
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին զարմացրել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության լուրը: Մարտի 30-ին հրավիրված քննարկման ժամանակ Ղազանչյանը խոսեց Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մեկնաբանությունից, թե Օրբելյանը գրական հայերենին չի տիրապետում, նշանակվել է օրենքի խախտումով:
«Ինչպե՞ս կարելի է իրավիճակը չզգալ, չտիրապետել իրավիճակին, ուղղակի հրաման տալ, չհասկանալ, չտեսնել՝ վաղն ինչ կլինի: Ես ապշած եմ: Այս իմ ասածները դնենք մի կողմ, եթե նույնիսկ կա օրենք, եթե նույնիսկ օրենքն արգելում է, կան արվեստագետներ, որոնք ամեն տեսակ օրենքից դուրս մարդիկ են, իրենց պարագայում պետք է օրենքը ծալվի, դրվի մի կողմ, էլ չեմ ասում՝ էթիկական կողմի մասին, տնօրեններ են ազատվում, մի հատ շնորհակալություն չկա, մեկ էլ զանգում է մի կին, ասում՝ Դուք ազատված եք, մարդկային հարաբերություններն այդքան ընկա՞ն»,- ասաց նա:
Ղազանչյանը հայտնեց, որ իրենց միությունը Կոնստանտին Օրբելյանի կողքին է, տեղեկացրեց՝ վարչության արտահերթ նիստ են հրավիրել, իրենց ձայնը ևս շուտով բարձրացնելու են: Ամենակարևորը, ըստ նրա, ամենաճիշտ լուծումը վարչապետին շտապ դիմելն է՝ պահանջով, որ կասեցվի մարտի 28-ի հրամանը, ժամանակավորապես կասեցվի, քննարկեն:
«Սա միակ դեպքն է վերջին 6-7 ամիսներին, որ կադրային հարցերում միության հետ չեն խորհրդակցել, այսպիսի բան չէր եղել»,- ասաց Ղազանչյանը: