ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին
Մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը։
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Վանեցյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և կգրանցվեն նոր ձեռքբերումներ:
Իր խոսքում ԱԱԾ տնօրենն ընդգծել է ԱՄՆ տարբեր գերատեսչությունների հետ համատեղ միջազգային ահաբեկչական խմբավորումների, կիբերհանցագործությունների, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի ու ռադիոակտիվ նյութերի տարածման, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ-ի դեսպան Թրեյսին ասել է, որ ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը և քննարկումը, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Հայաստանը գործակցել կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում:
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնել, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցությանը: