Ալիևի պահանջով Էրդողանը Հայաստանի հետ սահմանակից նահանգները հանձնել է ազգայնականներին
Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր նահանգներում ՏԻՄ ընտրություններին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել եւ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էրդողանից պահանջել է Հայաստանի հետ նահանգները հանձնել ազգայնական ուժերին՝ հայամետ քրդական կուսակցությանը հաղթելու շանսեր չտալու համար։
Նշվում է, որ այս համատեքստում ազգայնական «Լավ», «Ազգայնական շարժում» եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունները Իգդիրում աջակցելու են «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։
Կարսում եւս իշխող կուսակցությունը թեկնածու չի առաջդրել եւ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։
Նշենք, որ Իգդիրում արդեն 10 տարի քաղաքապետներ են ընտրվում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից, ինչը խիստ անհանգստացնում է Ադրբեջանին եւ թուրքական իշխանություններին։ Իգդիրի բնակչության գրեթե 50 տոկոսը ադրբեջանցիներ են։ Իսկ Կարսում ներկայում կառավարում է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ քաղաքապետը, սակայն նրանից դժգոհությունները շատ են եւ ռեալ վտանգ կա, որ այս կուսակցությունը պարտվելու է, որի համար Էրդողանը համաձայնվել է թեկնածու չառաջադրել, որ քրդերը չհաղթեն։