Իսրայելը Հայաստանի միջոցով ձգտում է պատուհան ունենալ դեպի ԵՏՄ. Ավիգդոր Էսկին
Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հանրային քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը, մեկնաբանելով ռուս-վրացական հարաբերությունները, ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և ԵՏՄ-ի նկատմամբ իրականացվող իսրայելական քաղաքականության վրա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
«Վրաստանը պետք է բարի կամք դրսևորի՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման առումով, սակայն ոչ ի վնաս Արևմուտքի հետ հարաբերությունների, այլ պետք է հետևի Իսրայելի օրինակին: Իսրայելը, ինչպես գիտեք, բավական սերտ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, այդուհանդերձ, բանակցություններ է վարում ԵՏՄ ինտեգրման ուղղությամբ: Իսրայելը հիմա նաև ձգտում է Հայաստանի հետ դիվանագիտական բաց հարաբերությունների հաստատման, որպեսզի ԵՏՄ-ի հետ ևս մեկ պատուհան բացի: Ինչո՞ւ Վրաստանը չի կարող նույնպիսի դիրք գրավել»,- հարց է ուղղել Էսկինը:
Իսրայելցի փորձագետը նաև հավելել է՝ չնայած այն բանին, որ տարածքային հակամարտություններն ամենացավոտ խնդիրներից են, սակայն աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ տարածքային հակամարտություններ ունեցող երկրները նաև դիվանագիտական հարաբերություններ են ունեցել: Ռուսաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, ըստ Էսկինի, բարի կամք է անհրաժեշտ: