Գարեգին Երկրորդն ընդունել է ԱՄՆ Հայոց արևելյան թեմի առաջնորդին
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել է Հայր Սուրբին` վերստին շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է, որ Հայր Դանիելն իր բազմամյա նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը: Խոսելով հայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք է հայտնել, որ, աջակից ունենալով հոգևոր դասին և հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր է նկատել, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
Զրույցի ընթացքում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին` դեռևս Մայր Աթոռում իր սարկավագության տարիներից սկսյալ իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` պատիվ նկատելով առաջնորդական հանգամանքում իր ծառայությունը Հայոց Եկեղեցուն:
Հայր Դանիելը ևս անդրադարձ է կատարել թեմի և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` նշելով, որ իր ողջ ուժերն և կարողությունները պիտի ներդնի և ծառայեցնի ի պայծառություն Արևելյան թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծո զորակցությունը և հաջողություններ է մաղթել Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին իր առաջնորդական առաքելության մեջ: