Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունն է բերել մարզպետին նշանակման առիթով:
Հանդիպման ընթացքում խոսվել է 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշել է, որ Շիրակի մարզի բնակչությունը շնորհիվ իր հավատքի և զորեղ կամքի կարողացավ ամուր և հաստատուն պահել իր ոգին: Նորին Սրբությունը կարևորությամբ ընդգծել է, որ այսօր պետության կողմից աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Գյումրիին վերադարձվի երբեմնի փառքը:
Հայոց Հայրապետը փաստել է, որ Մայր Աթոռը մշտապես իր զորակցությունն է բերել Գյումրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև մշակութային կյանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ Մայր Աթոռի և թեմի կողմից նախաձեռնված այդ ծրագրերը շարունակական կլինեն:
Անդրադառնալով թեմի հոգևոր կյանքի զորացմանը և հոգևոր դասի ծառայությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծել է, որ շիրակցիները միշտ առանձնացել են քրիստոնեական հավատի հանդեպ նախանձախնդրությամբ և իրենց եկեղեցասեր նկարագրով:
Իր հերթին նորանշանակ մարզպետը նշել է, թե որպես հայ մարդ և հայ քրիստոնյա պատիվ է համարում գտնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Տիգրան Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Շիրակի մարզի խնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձավ մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարևորելով նաև համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը ուժ և կարողություն է մաղթել մարզպետին մարզի ժողովրդի բարօր ու շեն կյանքի կերտման գործում: