Լուկաշենկոն պահանջում է Բելառուսը չանվանել Ռուսաստանի մակաբույծ
Բելառուսը երբեք չի եղել ձրիակեր, չի եղել Ռուսաստանի մակաբույծն ու չի լինի նաև ապագայում։ Բելառուսները Ռուսաստանի համար ոչ թե ձրիակեր են, այլ հարազատ մարդիկ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Դադարեցրե՛ք մեզ մեղադրել ձրիակերության մեջ։ Մենք չենք եղել ձեր կողմից սնուցվող ձրիակեր և չենք լինի։ Երբ ժողովուրդը դա լսում է, հատկապես ես՝ ինքնասիրություն ունեցող մարդս, այլևս որևէ միություն չեմ ուզում (Ռուսաստանի հետ)»,- այս մասին հայտարարել է Լուկաշենկոն՝ բելառուս և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը։
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իրենք ռուսաստանցիների հետ ոչ թե գործընկեր են, այլ հարազատ մարդիկ։ Լուկաշենկոն հիշատակել է նաև Ռուսաստանի հակասությունները Արևմուտքի հետ ու այդ համատեքստում ներկայացրել Բելառուսի կարգավիճակը։
«Մենք դատապարտված ենք ապրել միասին, և մենք դա ձեզնից ոչ պակաս, շատ լավ հասկանում ենք, որ այնտեղ (Արևմուտքում – ՏԱՍՍ) մեզ չեն սպասում։ Մեր կարիքն այնտեղ չունեն, և դրա օրինակն է Ուկրաինան»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն ասել է, որ իրենց փորձում են օգտագործել Ռուսաստանի դեմ, որ պատմության ամբողջ ընթացքում իրենց օգտագործել են, և իրենք հոգնել են այդ կարգավիճակից։