Մշակույթի նախարարի ԺՊ-ն պարզաբանումներ է տվել ՊՈԱԿ-ների շուրջ ստեղծված իրավիճակի մասով
Մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանն այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում անդրադարձել է որոշ ՊՈԱԿ-ներ լուծարելու, այլ ՊՈԱԿ-ներին միացնելու կամ մասնավորեցնելու առաջարկին:
Հիշեցնենք, որ այդ ՊՈԱԿ-ների մեջ են մտնում նաև որոշ թատրոններ, թանգարաններ ու երաժշտական կազմակերպությւուններ:
«Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում: Եթե գաղտնի թուղթ լիներ, չէր մտնի մեր համակարգ: Խոսքը չի գնում փաստաթղթի մասին, որը վերջնական մշակում է ստացել: Խոսքը կառավարության հանձնարարականի մասին է: Այդպիսի հանձնարարականներ մենք ստանում ենք ամեն օր: Հանձնարարականը ստացվել է ուսումնասիրելու, վերլուծելու ՊՈԱԿ-ների դաշտը և տալու որոշակի առաջարկություններ», – ասել է Ղարիբյանը՝ հավելելով, որ հանձնարարությունն օպտիմալացման հետ կապ ունի, միայն թե առաջնորդվել են ոչ թե խնայողության, կրճատումների, այլ գործունեության արդյունավետության տեսանկյունից:
Ըստ մշակույթի նախարարի պաշտոնակատարի՝ փաստաթուղթն ուղարկվել է կառավարություն, բայց եղել է սևագիր տարբերակը: Խոսքն ընդամենը սևագրի մասին է.
«Դա է պատճառը, որ այդ թուղթը քննարկման չի դրվել, տնօրենների հետ չի խորհրդակցվել: Մեր աշխատողների ու ինձ համար դա առաջին վերլուծությունն է, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է հիմք ընդուներ և դներ քննարկման», – հավելել է մշակույթի նախարարի ԺՊ-ն ու նաև նշել, որ կա մեկ-երկու ՊՈԱԿ, որոնք պատրաստ են միավորվել: